Ռուսաստանի իշխանությունները ստեղծել են առնվազն 29 բանտերից բաղկացած ցանց, որտեղ Ուկրաինայի քաղաքացիները՝ թե՛ ռազմագերիները, թե՛ խաղաղ բնակիչները, ենթարկվում են համակարգված խոշտանգումների։ Այս մասին նշվում է The Guardian-ի և 12 այլ խոշոր արևմտյան ԶԼՄ-ների համատեղ հետաքննության մեջ։
Կես տարվա ընթացքում հավաքված ապացույցները վկայում են, որ խոշտանգումները կիրառվում են կեղծ խոստովանություններ կորզելու նպատակով, իսկ այդ համակարգը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել և վերահսկվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ։
The Guardian-ի տվյալներով՝ 18 խոշտանգման կենտրոն գտնվում է Ռուսաստանի տարածքում, ևս 11-ը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված շրջաններում։ Ամենատարածված խոշտանգումների մեթոդներն են էլեկտրաշոկը, մահապատժի իմիտացիան, մուրճով ծեծը, մարմնի նույն հատվածներին կրկնակի հարվածելը, ինչպես նաև խեղդելը։
Ձերբակալվածներին ենթարկում են նվաստացումների․ նրանց կապում են սքոչով և օգտագործում որպես «կահույք»։ Բացի այդ, արգելվում է խոսել ուկրաիներեն, խստորեն սահմանափակվում է սնունդը, և բանտարկյալները ենթարկվում են հոգեբանական ճնշման՝ երբեմն դրդվելով ինքնասպանության։ Մի շարք հաստատություններում արձանագրվել են նաև մահվան դեպքեր։