Միջազգային

Պուտինի աշխատակազմում Կիրիենկոն կհամակարգի Հայաստանի հարցերը

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նրա ենթակաները կսկսեն զբաղվել Հայաստանով․ գրում է «Ведомости»-ին՝ հղում անելով իր քաջատեղյակ աղբյուրներին։

Այս գործառույթը Կրեմլի ներքին քաղաքականության բլոկին փոխանցել է է  աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։

Ավելի վաղ Կիրիենկոյին արտաքին ուղղությամբ այլ աշխատանքներ էին հանձնարարվել. մասնավորապես, նա և աշխատակազմը պատասխանատու էին Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի, Մերձդնեստրի հետ աշխատանքի համար։

«Այս փուլում Հայաստանի հետ կապված ինֆորմացիոն, ոչ՝ ընտրական աշխատանք է տարվելու»․ ասել է «Ведомости»-ի աղբյուրը։ 

«Հայաստանի ղեկավարությունն ավելի ու ավելի է շեղվում դեպի Արևմուտք, ինչն անթույլատրելի է ռուսական պետական քաղաքականության տեսանկյունից»,- ասել է նա։

Ըստ նրա՝ այժմ աշխատանքներ են տարվում Հայաստանում տեղեկատվական օրակարգի վերաբերյալ։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները 2026 թվականին են, և խնդիրներ են դրված ներքին քաղաքականության վարչության պետ Անդրեյ Յարինի, սոցիալական գործընթացների մոնիտորինգի և վերլուծության վարչության ներկայացուցիչ Ալեքսանդր Խարիչևի և հասարակական նախագծերի վարչության ներկայացուցիչ Սերգեյ Նովիկովի առջև:

Պարբերականը հայտնում է, որ Հայաստանում Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու փափուկ ուժ կիրառել ռուսական շահերն առաջ մղելու համար․ «Աշխատելու են մոտավորապես այնպես, ինչպես եղել են Աբխազիայի վերջին ընտրություններում»: 

Աղբյուրը ենթադրել է, որ Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, կհաղթի հաջորդ ընտրություններում. «Բայց հիմա խնդիրը ընտրությունները չեն, այլ Ռուսաստանի ներկայությունն այնտեղ»։ 

Ներկայումս Հայաստանում ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացառությամբ՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի․ նշում է աղբյուրը. «Հետևաբար, այնտեղ Ռուսաստանի անունից խոսող չկա»։