Ռումինիայում մայիսի 4-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնց ժամանակ ընդդիմության եվրասկեպտիկ առաջնորդ Ջորջե Սիմիոնը հույս ունի հաղթանակ տանել՝ հենվելով հասարակական դժգոհության ալիքի վրա։ Այն առաջացել է դեկտեմբերյան ընտրությունների չեղարկումից հետո՝ Ռուսաստանի միջամտության կասկածների պատճառով:
Դեկտեմբերյան ընտրությունների ֆավորիտ Քելին Ջորջեսկուի քաղաքական կուրսը և հռետորաբանությունը շատ նման է եղել Ջորջե Սիմիոնի գծերին։
Հարցումների տվյալներով՝ Սիմիոնը, որը գլխավորում է «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» (AUR) կուսակցությունը, առաջատարն է՝ մինչև 35% աջակցությամբ: Նա քարոզարշավը կառուցում է «Ռումինիան՝ առաջին հերթին» կարգախոսով՝ հանդես գալով Ուկրաինային ռազմական օգնության դեմ, քննադատելով ԵՄ ղեկավարությանը և աջակցելով ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը:
Չնայած Սիմիոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դատապարտել է որպես «ռազմական հանցագործ», նրա կուսակցությունը դեմ է քվեարկել թշնամու անօդաչու թռչող սարքերի խոցման մասին օրենքին, իսկ ինքը կոչ է արել վերանայել Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ հօգուտ երկրի ներսում սոցիալական ծախսերի:
Ընտրվելու դեպքում նա նաև մտադիր է Ջորջեսկուին նշանակել վարչապետ։
Բուլղարիայի, Մոլդովայի և Ուկրաինայի նկատմամբ իր տարածքային պահանջներով Սիմիոնն արդեն «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Քիշնևում և Կիևում։