Ուկրաինան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են ռեսուրսների համաձայնագրում չներառել նախկինում տրամադրված օգնությունը․ հաղորդում է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ով ամփոփել է ուկրաինական պատվիրակության այցի արդյունքները Վաշինգտոն։
Շմիգալի խոսքով՝ ընդերքի գործարքը քննարկվել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպմանը․
«Փաստաթղթի վրա աշխատում են իրավաբանական թիմերը: Լավ առաջընթաց կա: Հիմնական բանը մեր կարմիր գծերի հստակ սահմանումն է, համաձայնագիրը պետք է համապատասխանի եվրոպական պարտավորություններին և չհակասի Ուկրաինայի սահմանադրությանն ու օրենսդրությանը։ Բացի այդ, փաստաթուղթը հաշվի չի առնում մինչ ստորագրումը տրամադրված օգնությունը», - տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի վարչապետը։