ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ նրանք քննարկել են ռուս-ամերիկյան երկխոսության և Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված հարցեր:
«Կողմերը շարունակել են ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության հիմնական հարցերի շուրջ արդյունավետ կարծիքների փոխանակումը, որը վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է: Հիմնական ուշադրությունը կենտրոնացել է Ուկրաինայի ճգնաժամի վրա», - նշել են ՌԴ ԱԳՆ-ից:
Հաշվի առնելով, որ ապրիլի 25-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի հանդիպումը, ԱԳՆ-ի հաղորդագրությունում ընդգծվում է, որ զրույցը տեղի է ունեցել այդ հանդիպման տրամաբանության շրջանակում: «Նախարարն ու պետքարտուղարը կարևորել են երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորման և համախմբման կարևորությունը», - ասված է հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք այլ միջազգային խնդիրների: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները բոլոր մակարդակներով: