Միջազգային

«Զելենսկին հասկանում է իրավիճակը և ցանկանում համաձայնության գալ». Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում, պատասխանելով Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին, ասել է, որ Ուկրաինայի նախագահը «ցանկանում է լավ բան անել իր երկրի համար» և «շատ է աշխատում»:

Խոսելով Ուկրաինայի նախագահի հետ «հիանալի» մթնոլորտում կայացած զրույցի մասին, Թրամփը նաև նշել է, որ «զարմացած և խիստ հիասթափված» է եղել նրանից, որ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի և Սթիվ Վիթքոֆի բանակցություններից հետո ռմբակոծել է Ուկրաինան։

«Ես շատ հիասթափված էի, որ Ռուսաստանի կողմից հրթիռները էին արձակվում»,- ասել է Թրամփը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչ է ակնկալում Պուտինից, Թրամփը պատասխանել է. «Ես ուզում եմ, որ նա դադարեցնի կրակոցները, նստի և ստորագրի համաձայնագիր։ Կարծում եմ՝ մենք արդեն ունենք համաձայնագրի սահմանները, և ես ուզում եմ, որ նա ստորագրի այն ու վերջ դնի դրան»:

Լրագրողների հարցին՝ «Վստահո՞ւմ եք Պուտինին», Թրամփը պատասխանել է. «Ես Ձեզ կասեմ մոտ երկու շաբաթից»:
Նա հավելել է. «Երկու շաբաթ կամ ավելի քիչ: Բայց գիտեք, նրանք շատ մարդկանց են կորցնում։ Ամեն շաբաթ 3-4 հազար մարդ է զոհվում»:

Թրամփը նաև նշել է, որ Վատիկանում Զելենսկու հետ հանդիպումից հետո իրենց հարաբերությունները բարելավվել են. «Լսեք, դրանք երբեք վատ չեն եղել։ Մենք փոքր վեճ ունեցանք, քանի որ ես համաձայն չէի նրա ասածի հետ, և տեսախցիկները նկարում էին, բայց ինձ դա չէր անհանգստացնում»:

Նա հավելել է. «Նա բարդ, շատ բարդ վիճակում է։ Նա պայքարում է շատ ավելի մեծ ուժի դեմ»:

Թրամփը նշել է, որ Զելենսկին իրենից զենք է խնդրել՝ ասելով, թե «ավելի շատ զենք է պետք», բայց «նա դա ասում է արդեն երեք տարի»,- շարունակել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է 350 միլիարդ դոլար՝ ռուսական ներխուժումից պաշտպանվելու համար:

Համեմատելով Վատիկանում հանդիպած Զելենսկուն Օվալաձև գրասենյակում փետրվարին հանդիպածի հետ, Թրամփը նշել է. «Կարծում եմ՝ նա հասկանում է իրավիճակը և ցանկանում է համաձայնության գալ»: