Ժամանց

Ե՞րբ և ինչպե՞ս են ընտրելու Հռոմի Պապին

Հռոմի նոր պապի ընտրության համար Կոնկլավը կգումարվի մայիսի 7-ին. որոշումը կարդինալները ընդունել են այսօր: Մինչ այդ, BBC-ն ներկայացրել է Հռոմի պապի ընտրության գործընթացի մանրամասները:

Ովքե՞ր են ընտրելու Հռոմի պապին

Հռոմի պապին ընտրելու իրավունք ունի 135 կարդինալներ, որոնց տարիքը չի գերազանցում 80-ը։ Կարդինալները ներկայացնում են աշխարհի տարբեր մասերը՝ հետևյալ համամասնությամբ՝ Եվրոպա՝ 53 կարդինալ, Ասիա՝ 23, Լատինական Ամերիկա՝ 21, Աֆրիկա՝ 18, Հյուսիսային Ամերիկա՝ 16, Օվկիանիա՝ 4:

Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունից հետո Կարդինալների քոլեջի դեկանը՝ կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն, ունի 15-20 օր ժամանակ՝ կարդինալներին Հռոմում հավաքելու համար:

Ի՞նչ է կատարվում կոնկլավի ընթացքում

Կոնկլավի ընթացքում կարդինալները բնակվում են Սուրբ Մարթայի տանը՝ հինգհարկանի հյուրանոցում, որն ունի 106 սյուիտ, 22 մեկտեղանոց սենյակ և պետական բնակարաններ: Ամեն օր կոնկլավի մասնակից կարդինալները Via delle Fondamenta փողոցով տեղափոխվում են Սուրբ Մարթայի տնից Սիքստինյան կապելլա: Կոնկլավի ընթացքում նրանց խստիվ արգելվում է ցանկացած շփում արտաքին աշխարհի հետ: Նրանք կտրվում են արտաքին աշխարհից մինչև նոր պապի ընտրությունը:

Հավատացյալները հավաքվում են Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում՝ սպասելով այն պահին, երբ Սիքստինյան կապելլայի ծխնելույզից ծուխ կբարձրանա:

Կոնկլավի առաջին օրը անցկացվում է միայն մեկ քվեարկություն, իսկ հաջորդ օրերին՝ օրական մինչև չորս փուլ: Նոր պապ ընտրվում է միայն այն դեպքում, երբ նա ստանում է ընտրող կարդինալների առնվազն երկու երրորդի աջակցությունը: Այս մեծամասնության հասնելը կարող է ժամանակ պահանջել:

Յուրաքանչյուր կարդինալ գրում է իր ընտրությունը պարզ քվեաթղթի վրա, որի վրա լատիներեն գրված է՝ «Ես ընտրում եմ գերագույն պոնտիֆիկոս...» և նշում է թեկնածուի անունը: Կարդինալները քվեարկում են ըստ տարիքային կարգի՝ հերթով, և քվեաթղթերը գցում են արծաթյա ու ոսկեզօծ գավաթի մեջ:

Այնուհետև կամերլենգոյի երեք օգնականները՝ հաշվիչները, հաշվում են ձայները և բարձրաձայն հայտարարում արդյունքները: Քվեաթղթերը կապվում են միասին և այրվում:

Արտաքին աշխարհը հետևում է ծխնելույզից երևացող ծխի գույնին: Սև ծուխը նշանակում է, որ համաձայնություն չի ձեռք բերվել, և կանցկացվի նոր քվեարկություն, իսկ սպիտակ ծուխը հայտնում է, որ նոր պապն ընտրվել է:

Եթե երրորդ օրը համաձայնություն չլինի, կարդինալները կարող են մեկօրյա դադար հայտարարել՝ աղոթքի և խորհրդակցությունների համար: Հետագայում դադարներ թույլատրվում են յուրաքանչյուր յոթ քվեարկությունից հետո: Եթե 33 քվեարկությունից հետո էլ որոշում չկայացվի, կարդինալները կարող են պարզեցնել գործընթացը՝ թողնելով միայն երկու թեկնածու, որոնք ստացել են ամենաշատ ձայները:

Որքա՞ն է տևում կոնկլավը

Կոնկլավները հաճախ տևում են մի քանի օր: Պատմության մեջ ամենաերկար կոնկլավը, որը սկսվել է 1268 թվականին, տևել է երկու տարի և ինը ամիս: Այդ ժամանակից ի վեր կանոնները բազմիցս փոփոխվել են՝ գործընթացն արագացնելու համար: 20-րդ դարից սկսած կոնկլավների միջին տևողությունը երեք օր է, ընդ որում՝ 1922 թվականի ամենաերկար կոնկլավը տևել է ընդամենը հինգ օր: Ֆրանցիսկոս Պապը և նրա նախորդը՝ Բենեդիկտոս XVI-ը, ընտրվել են երկու օրվա ընթացքում:

Կոնկլավի ընթացքում Սիքստինյան կապելլայի հետնամասում տեղադրվում է երկու վառարան: Աջ վառարանում այրվում են քվեաթղթերը, իսկ ձախում՝ գունավոր ծուխ ստեղծող նյութերը, որոնք հայտնում են քվեարկության արդյունքը:

Սև ծուխը, որն արտահայտում է անհամաձայնություն, ստացվում է կալիումի պերքլորատի, անտրացենի և ծծմբի խառնուրդից:

Սպիտակ ծուխը, որը հայտնում է հաջող ընտրության մասին, առաջանում է կալիումի քլորատի, լակտոզայի և փշատերև խեժի խառնուրդից:

Ծուխը երևում է Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված ծխնելույզից: Սպիտակ ծխի հայտնվելուն զուգահեռ հնչում են զանգեր՝ շփոթությունից խուսափելու համար:

Պապի անվան ընտրություն

Յուրաքանչյուր նոր պապ պաշտոնապես ընդունում է իր ծառայությունը Կարդինալների քոլեջի առջև և հայտարարում, թե որ անունն է ընտրել իր պոնտիֆիկատի համար: Ֆրանցիսկոս Պապը (նախկինում՝ Խորխե Մարիո Բերգոլիո) ընտրությունից հետո հայտարարեց, որ ընտրել է «Ֆրանցիսկոս» անունը՝ ի պատիվ Ասսիզի Սուրբ Ֆրանցիսկոսի, ներշնչված իր մտերիմ ընկեր, բրազիլացի կարդինալ Կլաուդիո Հումմեսի խորհրդով:

Պապության առաջին 500 տարիներին պոնտիֆիկոսները կրում էին իրենց մկրտության անունները: Հետագայում սովորույթը փոխվեց, և անունները դարձան խորհրդանշական՝ կա՛մ երկար անունները կրճատելու, կա՛մ նախորդ պապերի հետ հոգևոր կապ արտահայտելու համար: Պատմության մեջ ամենատարածված անունը Հովհաննեսն է, որին հաջորդում են Գրիգոր, Բենեդիկտոս և Կլեմենտ անունները:

Հռոմի նորընտիր պապը՝ «Արտասված սենյակում»

Ընտրվելուց հետո նոր պապը ուղեկցվում է «Արտասվաց սենյակ»՝ Սիքստինյան կապելլայի հետնամասում գտնվող սենյակ, որտեղ նա առաջին անգամ հագնում է պապական հանդերձանքը՝ սպիտակ սքեմ, կարմիր կարճ թիկնոց (մոցցետտա) և սպիտակ գլխարկ՝ պիլեոլուս: Այն կոչվում է «Արտասվաց սենյակ», քանի որ շատ պապեր խոստովանել են, որ ընտրության ծանրությունն ու հուզմունքը արցունքներ են առաջացրել:

Նոր պապի ընտրած հանդերձանքը կարող է ակնարկել նրա ապագա գործունեության մասին: Օրինակ՝ Ֆրանցիսկոս Պապը հրաժարվեց կրել տոնական կարմիր թիկնոցը՝ նախընտրելով պարզ սպիտակ սքեմ:

Ե՞րբ է Հռոմի պապն առաջին անգամ ողջունում հավատացյալնեին

Արարողության ավարտին նոր պոնտիֆիկոսը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ և դիմում հավատացյալներին՝ հայտարարելով. 

«Annuntio vobis gaudium magnum... habemus papam!»՝ «Ես Ձեզ ավետում եմ մեծ ուրախություն... մենք ունենք պապ»:

Եւ վերջապես, ո՞վ է Հռոմի պապը, ի՞նչ գործառույթներ նա ունի։

Հռոմի պապը ղեկավարում է Կաթոլիկ եկեղեցին և համարվում է Սուրբ Պետրոսի՝ Հռոմի առաջին եպիսկոպոսի իրավահաջորդը: Նա 1.4 միլիարդ կաթոլիկների հոգևոր առաջնորդն է, որոնք հավատում են, որ նա Քրիստոսի տեղակալն է, եկեղեցու գլուխը, բոլոր քրիստոնյաների հայրն ու ուսուցիչը: Պապն ունի եկեղեցում գերագույն օրենսդրական իշխանություն՝ իրավասու է օրենքներ ընդունելու, մեկնաբանելու, փոփոխելու կամ չեղարկելու: Սակայն քրիստոնեական այլ ուղղություններ, օրինակ՝ պրոտեստանտներն ու ուղղափառները, չեն ճանաչում նրա հոգևոր հեղինակությունը:

Պատրաստեց՝ Արման Գալոյանը