Աֆրիկայում գտնվող աշխարհի ամենամեծ տաք անապատը՝ Սահարան (8.6 մլն քառ. կմ), դառնում է Եվրոպայի էներգետիկ համակարգի վրա ազդող առանցքային գործոններից մեկը, Ֆեյսբուքի էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Սահարայի փոշին՝ բաղկացած տարբեր ձևի և քաշի ավազի մասնիկներից, քամիների միջոցով կարող է հասնել Կենտրոնական և Հարավային Եվրոպա՝ առաջացնելով ավազային փոթորիկներ։ Այդ փոշին նստում է արևային վահանակների վրա՝ զգալիորեն նվազեցնելով դրանց արտադրողականությունը։
Հունգարիայի աշխարհագրության և երկրի մասին գիտությունների ինստիտուտի հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակներին փոշու խտությունը Եվրոպայում աճում է կլիմայական փոփոխությունների հետևանքով՝ փոփոխելով օդային հոսքերը Հյուսիսային Աֆրիկայում։ Միայն Հունգարիայում վերջին 10 տարում գրանցվել է 218 փոշային փոթորիկ։
Եվրոպական էներգետիկ շուկայում սա դառնում է լուրջ մարտահրավեր։ Արևային կայանների բաժինն արդեն կազմում է արտադրության 11%-ը՝ 304 ՏՎտ·ժ (2024 թ. տվյալներով՝ Ember)։ Այդպիսով՝ նույնիսկ միջին հարավային քամիների դեպքում բավարար է, որ մի քանի օր, փոշին դառնա էլեկտրոէներգիայի գների բարձրացման պատճառ
Օրինակ, Bloomberg-ի տվյալների համաձայն, ապրիլի կեսերին Սահարայից եկող քամիների հետևանքով Գերմանիայում արևային էներգիայի արտադրությունը երկու օրում նվազել է 36 ԳՎտ-ից 17 ԳՎտ։
2022-2024 թվականներին Հունգարիայում նման փոթորիկները կարճաժամկետ նվազեցրել են արտադրանքն 1-2 ԳՎտ-ով, իսկ 2022-ին երկրի Տեխնոլոգիաների նախարարությունը 372 մլն եվրոյի չափով տուգանել է էներգետիկ ընկերություններին։
MetDesk ընկերության օդերևութաբան Մեթյու Դոբսոնի գնահատմամբ՝ այդ «փոշոտ» քամիները կարող են 10-20% նվազեցնել արևային էներգիայի արտադրությունը։ Սահարայից փոշոտ ամպերի մյուս կարևոր խնդիրը՝ կանխատեսելիության բարդությունն է։ Փոշոտ բարձր օդային հոսքերը հաճախ դուրս են մնում կանխատեսման մոդելների տեսադաշտից, ինչը ազդում է կարճաժամկետ և միջնաժամկետ (15 րոպեից մինչև մեկ օր ժամանակահատված) կանխատեսումների վրա։
Bloomberg-ը մեջբերում է FlexPower-ի ղեկավար Ամանի Յոասին․ «Կան տարիներ, երբ Գերմանիայում օրական 8 ԳՎտ-ով պակաս էներգիա է արտադրվել, քան կանխատեսվել էր»։ Կանխատեսման բարդությունը հանգեցնում է էլեկտրաէներգիայի գների անկայունության, և անհրաժեշտ է ներդրումներ կատարել էներգիայի պահեստավորման համակարգերում։