Միջազգային

«Ղրիմը կմնա Ռուսաստանին, Զելենսկին դա հասկանում է». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման 100 օրվա առթիվ հարցազրույց է տվել Times-ին՝ անդրադառնալով նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Ներկայացնում ենք հարցազրույցի այդ հատվածը.

Հարց. Դուք ասել եք, որ կավարտեք Ուկրաինայի պատերազմը Ձեր պաշտոնավարման առաջին օրը:

Պատասխան. Ես դա ասել եմ փոխաբերական իմաստով, խոսել եմ չափազանցությամբ՝ ընդգծելու համար: Դուք գիտեք, որ դա, իհարկե, անցնում է կեղծ լուրերի միջով: Իհարկե, մարդիկ գիտեն, որ ես դա ասել եմ կատակով, բայց նաև նշել եմ, որ այն կավարտվի:

Հարց. Ինչո՞ւ է այսքան երկար տևում: Ե՞րբ, Ձեր կարծիքով, սա կավարտվի: 

Պատասխան. Ես չեմ կարծում, որ սա երկար է տևում: Ես այստեղ եմ ընդամենը երեք ամիս: Այս պատերազմը երեք տարի է՝ շարունակվում է: Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ: Սա Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը: Ես դրա հետ կապ չունեմ: Պուտինը երբեք դա չէր անի: Հոկտեմբերի 6-ը կամ 7-ը երբեք չէին լինի: Դուք ասում եք՝ ինչու՞ է այսքան երկար տևում: Պատերազմը երեք տարի է՝ ընթանում է, ես նոր եմ եկել, և դուք ասում եք՝ ինչու՞ է երկարում:

Հարց. Ինչ եք կարծում՝ հնարավո՞ր է խաղաղություն, եթե Պուտինը մնա Ռուսաստանի նախագահ: 

Պատասխան. Ես կարծում եմ, որ խաղաղությունն հնարավոր է: Դուք ասում եք՝ եթե Պուտինը մնա: Իմ նախագահության օրոք դա հնարավոր է, նույնիսկ՝ շատ հավանական: Եթե նախագահը մեկ ուրիշը լինի, ապա ոչ մի հնարավորություն չկա:

Հարց. Պուտինը կարո՞ղ է խաղաղություն կնքել: 

Պատասխան. Այո, ես կարծում եմ, որ Պուտինը կանի դա: Կարծում եմ՝ նա կնախընտրեր այլ կերպ վարվել և վերցնել ամեն ինչ: Բայց ես կարծում եմ, որ ես միակն եմ, ով կարող է այս գործարքը կնքել: Մենք շատ առաջ ենք գնացել, ունեցել ենք շատ լավ բանակցություններ և շատ մոտ ենք համաձայնության: Չեմ հավատում, որ ուրիշ որևէ մեկը կարող էր դա անել:

Հարց. Հավատո՞ւմ եք, որ խաղաղություն հնարավոր է, եթե Զելենսկին մնա Ուկրաինայի նախագահ: 

Պատասխան. Այո, ես այդպես եմ կարծում: Նա հիմա նախագահն է, և ես կարծում եմ, որ մենք կկնքենք գործարք:

Հարց. Արդյո՞ք Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերից: 

Պատասխան. Ես չեմ կարծում, որ նրանք երբևէ կարող են մտնել ՆԱՏՕ: Պատերազմը սկսվեց, երբ սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Եթե այդ հարցը չբարձրացվեր, մեծ հավանականությամբ՝ պատերազմ չէր սկսվի:

Հարց. Պե՞տք է Ղրիմը անցնի Ռուսաստանին, մնա նրանց մոտ: 

Պատասխան. Ղրիմը Ռուսաստանին է անցել: Այն նրանց տվել է Բարաք Հուսեյն Օբաման, ոչ թե ես: Կարո՞ղ են նրանք այն ետ վերցնել: Ղրիմում հիմնականում ռուսերեն են խոսում: Նրանք այնտեղ ունեին իրենց սուզանավերը դեռ շատ վաղուց: Եթե ես լինեի նախագահ, Ղրիմը չէին խլի:

Հարց. Կհամաձայնե՞ք, որ Ղրիմը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայից խլված չորս այլ շրջաններ ընդգրկվեն Ռուսաստանի կազմում՝ որպես վերջնական համաձայնագրի մաս: 

Պատասխան. Եթե Ղրիմը մնա Ռուսաստանի հետ՝ մենք պետք է խոսենք միայն Ղրիմի մասին, քանի որ միշտ նշվում է Ղրիմը: Ղրիմը կմնա Ռուսաստանինը: Զելենսկին դա հասկանում է, բոլորը հասկանում են, որ այն երկար ժամանակ նրանցն է եղել: Դա եղել է Թրամփի գալուց շատ առաջ: Սա Օբամայի պատերազմն է, որը երբեք չպետք է տեղի ունենար: Ես անվանում եմ սա պատերազմ, որ երբեք չպետք է լիներ:

Հարց. Դուք խոսել եք Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման մասին: Բանակցո՞ւմ եք նրանց հետ այլ հարցերով, բացի Ուկրաինան: 

Պատասխան. Ոչ:

Հարց. Օրինակ, միջուկային զենքի պաշարների կամ փորձարկումների մասին: 

Պատասխան. Բայց եթե գործարք կնքվի, ես կարող եմ պատկերացնել, որ մենք բիզնես կանենք և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ: