Չինաստանը կարող է ԱՄՆ-ից ներմուծվող որոշ ապրանքներ ազատել 125% մաքսատուրքից և արդեն առաջին քայլերն է ձեռնարկում այս պլանի իրականացման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Չինաստանի առևտրի նախարարությանն առընթեր աշխատանքային խումբը ներկայումս կազմում է ապրանքների ցուցակները, որոնք կարող են ազատվել մաքսատուրքերից, և կոչ է անում ընկերություններին՝ ներկայացնել իրենց սեփական առաջարկները:
Ըստ Caijing ֆինանսական ամսագրի, Պեկինը կարող է ցուցակում ավելացնել կիսահաղորդիչների արտադրության հետ կապված ութ արտադրանք:
Ուրբաթ օրը սոցցանցերում ակտիվորեն շրջանառվել է 131 կատեգորիայի ապրանքների ցանկ, որոնք կարող են ազատվել տուրքերից։ Դրանց թվում կարելի է տեսնել պատվաստանյութեր, քիմիական նյութեր և ինքնաթիռների շարժիչներ։ Այնուամենայնիվ, այս ցուցակի իսկության հաստատում չկա: