Միջազգային

«Ներկայումս երկկողմ բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին, որի հետ քննարկել են էներգետիկ համագործակցությանը և տարածաշրջանին վերաբերող հարցեր։ Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ նրանք նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։

Հանդիպմանը Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ը և Ադրբեջանը հաջող և արդյունավետ համագործակցություն են հաստատել էներգետիկ ոլորտում։ Անդրադառնալով տրանսպորտային կապերին՝ Կալլասն ընդգծել է Ադրբեջանի, որպես կարևոր տարածաշրջանային պետության, դերը:

Ալիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է։ Նա անդրադարձել է Հարավային գազային միջանցքի դերին։ Ըստ նրա՝ Ադրբեջանը գազ է մատակարարում եվրոպական 10 երկրի, որոնցից 8-ը՝ Եվրոմիության անդամներ են: Նախագահը նշել է, որ գազի մատակարարումների աշխարհագրական ընդգրկմամբ Ադրբեջանը եվրոպական տարածքը գազով ապահովող առաջին երկրներից մեկն է:

Նա նաև կարևորել է Ադրբեջանի դերը Տրանսկասպյան էներգետիկ միջանցքի զարգացման, ինչպես նաև Սև ծովում Վրաստանի, Ռումինիայի, Հունգարիայի և, վերջերս, Բուլղարիայի մասնակցությամբ նախագծերի իրականացման գործում: Իլհամ Ալիևը հայտնել է, որ տրանսպորտային ոլորտում Ադրբեջանի և ԵՄ-ի համագործակցության լայն հնարավորություններ կան:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տևական կայունության ապահովման հարցի շուրջ։ 

Ըստ ադրբեջանական զլմ-ների հաղորդագրությունների՝ Ալիևը հայտարարել է, որ ներկայումս երկկողմ հիմքի վրա քայլեր են ձեռնարկվում, և բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: