ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում որոշ երկրների նկատմամբ կարող է վերականգնել «փոխադարձ» մաքսատուրքերը. գրում է CNN-ը։
Նա նշել է, որ եթե առևտրային համաձայնություններ չկնքվեն, մաքսատուրքեր կսահմանվեն:
Ապրիլի 9-ին Թրամփը ժամանակավորապես դադարեցրել էր այս մաքսատուրքերը՝ 90 օր տրամադրելով բանակցությունների համար: Ըստ վարչակազմի՝ 90-100 երկիր պատրաստակամություն է հայտնել բանակցելու, սակայն ժամանակը սուղ է:
Համաձայնությունների բացակայության դեպքում մաքսատուրքերը կարող են հասնել 50%-ի, իսկ Չինաստանի համար՝ 145%-ի:
Միջազգային կազմակերպությունները զգուշացնում են, որ այս մաքսատուրքերը կարող են դանդաղեցնել համաշխարհային տնտեսությունը՝ վերափոխելով առևտրային և ֆինանսական հոսքերը:
Ներկայում ԱՄՆ-ը պահպանում է 10% ընդհանուր մաքսատուրք ներմուծվող ապրանքների համար, որոշ ապրանքների համար՝ ավելի բարձր: Բանակցությունների հաջողությունը կարևոր է տնտեսական ճգնաժամը կանխելու համար: