Միջազգային

Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը կտրուկ աճել է Քաշմիրում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով, որի զոհ են դարձել 26 մարդ։ Հնդկաստանի ոստիկանությունը հրապարակել է երեք զինյալ կասկածյալների անուններ՝ նշելով, որ նրանցից երկուսը Պակիստանից են, սակայն Նյու Դելին դեռևս որևէ ապացույց չի ներկայացրել այդ կապերի վերաբերյալ և հավելյալ մանրամասներ չի հաղորդել։

Պակիստանը կտրականապես հերքել է իր առնչությունը՝ նշելով, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է նախկինում անհայտ զինված խմբավորումը՝ «Քաշմիրի Դիմադրություն» անվանմամբ։

Հնդկաստանը թուլացրել է դիվանագիտական հարաբերությունները Պակիստանի հետ՝ կասեցնելով վեց տասնամյակ գործող Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման վերաբերյալ պայմանագիրը և փակելով երկու երկրների միջև գործող միակ ցամաքային անցակետը։ Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է նաև, որ  ապրիլի 27-ից օրվանից չեղարկվելու են պակիստանցի քաղաքացիներին տրված բոլոր վիզաները, բացի այդ, հնդիկներին խորհուրդ է տրվել զերծ մնալ Պակիստան ուղևորություններից։

Ի պատասխան՝ Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար և մերժել Նյու Դելիի կողմից Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման վերաբերյալ պայմանագրի կասեցումը:

«Պակիստանի ինքնիշխանությանը կամ նրա ժողովրդի անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլ կստանա կոշտ ու համարժեք պատասխան բոլոր ոլորտներում», - նշված է Պակիստանի վարչապետի աշխատակազմի կողմից արված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Պակիստանին պատկանող ջրերը կանգնեցնելու կամ շեղելու ցանկացած փորձ կդիտվի որպես պատերազմի ակտ։