Միջազգային

Ռուսաստանն ու Չինաստանը ծրագրում են Լուսնի վրա ԱԷԿ կառուցել

Ռուսաստանը և Չինաստանը կարող են ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ) տեղադրել Լուսնի մակերեսին՝ որպես միջազգային լուսնային հետազոտական կայանի (ILRS) կառուցման մաս: Այս մասին Reuters-ը տեղեկացել է տիեզերական առաքելության գլխավոր ինժեներ Պեյ Չժաոյուի շնորհանդեսից, որը նա ներկայացրել է Շանհայում։

Բացի ԱԷԿ-ից, լուսնային բազայի էներգամատակարարումը կապահովեն նաև հսկա արևային մարտկոցները։ 

Չինաստանի ծրագրերի համաձայն՝ Լուսնի հարավային բևեռում բնակելի բազայի կառուցման հիմքը պետք է դնի «Չանե-8» ավտոմատ կայանը, որի գործարկումը նախատեսված է 2028 թվականին: Առաջին փուլում Լուսին կուղարկվի լուսնագնաց ռոբոտ՝ Երկրի արբանյակի ռեսուրսներն ու ռելիեֆը ուսումնասիրելու համար: Երկրորդ փուլում նախատեսվում է հիմնել լուսնային կայանի կառավարման կենտրոն: Լուսնային կայանի ստեղծումը, որը հնարավոր կլինի հեռակա կառավարել, նախատեսվում է ավարտել մինչև 2036 թվականը։