Միջազգային

Թուրքիայի երկրաշարժից հետո գրանցվել է 51 հետցնցում, 6100 ահազանգ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ ժամը 12:49-ին Մարմարա ծովում 6,2 մագնիտուդով երկրաշարժը տևել է 13 վայրկյան, գտնվել է մոտ 7 կիլոմետր խորության վրա։ 

«Գրանցվել է 51 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 5.9 մագնիտուդով։ 112 շտապօգնության կանչի կենտրոնն ստացել է 6100 ահազանգ։ Զանգերի ճնշող մեծամասնությունը տեղեկատվական է։ Տուժածներ չկան։ Բոլոր ծառայությունները մոբիլիզացվել են առաջին րոպեներից։ Փլուզումներ չեն հայտնաբերվել։ Ենթակառուցվածքների, էլեկտրահաղորդման գծերի հետ կապված խնդիրներ չկան»,- ասել է նա։

Նախարարը քաղաքացիներին խնդրել է ուշադիր հետևել պաշտոնական կառույցների հայտարարություններին։ Նա ընդգծել է, որ չի կարելի հիմնվել չհաստատված տեղեկատվության վրա։ 

«Երկրաշարժից տուժած քաղաքացիներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Մենք շարունակելու ենք հանրությանը տեղյակ պահել իրադարձությունների մասին»,- նշել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը։

Թուրքիայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է շուրջ 240 քաղաքացի։