Միջազգային

Ռուբիոն չի մեկնի Լոնդոն․ պատճառը Զելենսկու դիրքորոշումն է

Ինչպես հայտնում են ամերիկյան հեղինակավոր զլմ-ները՝ CNN-ը, New York Times-ը և Financial Times-ը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցի Ուկրաինայի պատերազմին վերջ տալուն ուղղված Լոնդոնում կայանալիք բանակցություններին, որոնք կկայանան այսօր։ Ըստ պարբերականների՝ Կիևը հստակ հասկացրել է, որ մերժելու է հակամարտությունը դադարեցնելու՝ Թրամփի վարչակազմի առաջարկի հիմնական կետերից մեկը՝ օկուպացված Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչումը։

Նշվում է, որ ԱՄՆ-ն բանակցություններին կներկայացնի միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Ռուբիոյից հետո Լոնդոնում հետաձգվել է նաև Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների կողմից նախատեսված հանդիպումը․ գրում է Sky News-ը։

Բանակցություններ տեղի կունենան պաշտոնյաների միջև։ Ուկրաինայից կմեկնի միայն արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, ով հանդիպում կունենա բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լամիի հետ։