Ամերիկյան Axios պարբերականը հրապարակել է Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ Թրամփի խաղաղության ծրագիրը։ Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը շուտով համաձայնություն չկնքեն այս առաջարկների հիման վրա։
Հոդվածում ասվում է, որ Թրամփը այսօր ակնկալում էր Ուկրաինայի պատասխանը այս կետերի վերաբերյալ, սակայան արդեն առավոտյան հեղինակավոր պարբերականները հաղորդեցին, որ Ուկրաինան այն մերժել է, որի պատճառով էլ Ռուբիոն չի այցելի Լոնդոնի բանակցություններին։
Ի՞նչ է առաջարակվում Ռուսաստանին ըստ Թրամփի պլանի
- Ղրիմի դե յուրե ճանաչում՝ որպես ռուսական տերիտորիա
- Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասի նկատմամբ վերահսկողության փաստացի ճանաչում.
- Խոստում, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին.
- 2014 թվականից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերացում
- Համագործակցություն ԱՄՆ-ի հետ էներգետիկայի և արդյունաբերության ոլորտում
Ի՞նչ է առաջարկվում Ուկրաինային՝ ըստ Թրամփի պլանի
- «Անվտանգության երաշխիքներ» մի խումբ երկրների կողմից (առանց ԱՄՆ-ի մասնակցության, կարող են լինել և ոչ ԵՄ անդամ)
- Ռուսական զորքերի դուրսբերում Խարկովի մարզի մի մասի տարածքներից
- Անխոչընդոտ անցում Դնեպր գետի երկայնքով, որն անցնում է հարավային ճակատային գծով.
- Փոխհատուցում և Ուկրաինայի վերականգնման աջակցություն
- Զապորոժիեի ատոմակայանը, որն ամենամեծն է Եվրոպայում, կհամարվի ուկրաինական տարածք, սակայն կշահագործվի ԱՄՆ-ի կողմից, որտեղից էլեկտրաէներգիա կմատակարարվի ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ռուսաստանին:
Փաստաթղթում հղում է արվում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների մասին պայմանագրին, որը պիտի ստորագրվեր հինգշաբթի օրը:
Թրամփի պլանը մշակվել է այն բանից հետո, երբ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն անցյալ շաբաթ Պուտինի հետ ունեցել է ավելի քան չորս ժամ տևած հանդիպում։