ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մեկնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը. հայտնել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ դեռ որոշում չի կայացվել՝ ով է Ռուսաստանից մասնակցելու հոգեհանգստի արարողություններին։
Նա անդրադարձել է նաև քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների դադարեցման վերաբերյալ Մոսկվա-Կիև հնարավոր բանակցություններին՝ նշելով, որ այդ կապակցությամբ կոնկրետ պլաններ առայժմ չկան․
«Նախագահ Պուտինը հաստատել է այդ հարցը քննարկելու պատրաստակամությունը՝ հաշվի առնելով Զատկի ժամանակավոր հաշտության փորձը, սակայն կոնկրետ մանրամասներ չկան», - պարզաբանել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովի հիմնական հայտարարությունները.
- Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները դադարեցնելու մասին բանակցությունների առաջարկը պետք է վերլուծվի՝ հաշվի առնելով Զատկի հաշտության փորձը։
- Դեռևս որոշում չկա, թե Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ ով կներկայացնի Ռուսաստանը։
- Կրեմլը կտեղեկացնի Ուիթքոֆի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին, եթե այն կայանա։
- Երեքշաբթի Պուտինը բանակցություններ կվարի Օմանի սուլթանի հետ, տեղի կունենա նաև փաստաթղթերի փոխանակում։