Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության («Շին - Բեթ», ՇԱԲԱԿ) ղեկավար Ռոնեն Բարը երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ արդեն մի քանի շաբաթ շարունակվող հակամարտության ֆոնին վերջինիս հասցեին ծանր մեղադրանքներ է հնչեցրել: Խոսքն այն մասին է, որ, Բարի պնդմամբ, Նեթանյահուն իրենից պահանջել է «անձնական հավատարմություն» և սահմանադրական ճգնաժամի դեպքում ենթարկվել անձամբ իրեն, ոչ թե երկրի Գերագույն դատարանին։
Մարտի վերջին Նեթանյահուն նրան ազատել էր իսրայելական հատուկ ծառայության պետի պաշտոնից՝ այդ քայլի պատճառը համարելով «վստահության բացակայությունը»: Նախարարների կաբինետը մարտի 20-ին միաձայն հավանություն է տվել այդ որոշմանը։