Միջազգային

Առանց Մոսկվայի վրա ճնշում գործադրելու՝ հնարավոր չէ

Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

«Խոսելու ոչինչ չկա, սա մեր Սահմանադրությունից դուրս է: Սա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքը։ Հենց սկսում ենք խոսել Ղրիմի, մեր ինքնիշխան տարածքների մասին, մտնում ենք այն ֆորմատի մեջ, որը ցանկանում է Ռուսաստանը՝ երկարացնելով պատերազմը»,- ասել է նա։ 

Զելենսկու խոսքով՝ ամեն ինչի շուրջ հնարավոր չի լինի արագ պայմանավորվել, քանի որ 12 տարի պայքարում են, և սա արդեն պատասխան է, թե արդյոք հնարավո՞ր է Ռուսաստանի հետ պայմանավորվել:

«Ոչ, առանց Մոսկվայի վրա ճնշում գործադրելու՝ հնարավոր չէ։ Ուկրաինան ցանկանում է արագ, արդար խաղաղություն և անվերապահ զինադադար՝ որպես դրա առաջին քայլ։ Հրադադարից հետո Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների ցանկացած ձևաչափով»,- ասել է նա։ 

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Վատիկան կատարած այցի ժամանակ։