Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին լատինաամերիկացի առաջնորդը, մահացել է: Այս մասին ասվում է Վատիկանի տեսաուղերձում:
«Սիրելի եղբայրներ և քույրեր, խոր վշտով պետք է հայտնեմ մեր Սուրբ Հոր Ֆրանցիսկոսի մահվան մասին», - Վատիկանի հեռուստաալիքի եթերում հայտարարել է կարդինալ Քևին Ֆարելը:
Նշենք, որ նա 88 տարեկան էր և վերջերս հիվանդանոց էր տեղափոխվել երկկողմանի թոքաբորբի ախտորոշմամբ։
Պոնտիֆիկոսը հիվանդանոցից դուրս էր գրվել դեռ մեկ ամիս առաջ՝ մարտի 23-ին, բուժում ստանալուց հետո։ Մահվան նախորդ օրը՝ կիրակի օրը, Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից շնորհավորել է կաթոլիկներին Սուրբ Զատիկի կապակցությամբ։
Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիոն) Հռոմի պապ է ընտրվել 2013 թվականի մարտին՝ դառնալով Նոր Աշխարհի առաջին պապը և առաջին պապը Եվրոպայից դուրս՝ ավելի քան 1200 տարի անց։