Ֆրանցիսկոսը Հռոմի Պապ ընտրվեց 2013 թվականին․ նա փոխարինեց Բենեդիկտոս XVI-ին, ով հրաժարվել էր գահից։ Ֆրանցիսկոսը, որն ավելի քան 1200 տարվա ընթացքում ոչ եվրոպացի առաջին Պապն էր, իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք արժանացել են կաթոլիկ համայնքի և՛ համակրանքին, և՛ դժգոհությանը։
Առաջին իսկ օրերից նա սկսել է ձեռնարկել քայլեր, որոնք առաջացրել է համընդհանուր համակրանք.
- ընտրվելու կապակցությամբ կազմակերպված գալա ընթրիքին նա հրաժարվել է լիմուզինից և մյուս կարդինալների հետ այնտեղ գնացել միկրոավտոբուսով
- ավանդական ոսկյա մատանու փոխարեն նա պատվիրել է ոսկեզօծ արծաթյա մատանի.
- Վատիկանի պապական նստավայրում նա խնդրել է գահը փոխարինել սովորական աթոռով, ինչպես նաև կրճատել հատկացված սենյակների թիվը
Նշենք մի շարք ուղղություններ, որտեղ Ֆրանցիսկոսը փոփոխություններ է իրականացրել.
Հղիության արհեստական ընդհատում
Ֆրանցիսկոսը սատարել է Եկեղեցու վարդապետությանը, որը դեմ է աբորտներին, և կրկնել իր նախորդների խոսքերն այն մասին, որ մարդկային կյանքը սուրբ է և պետք է պաշտպանված լինի: Նա աբորտը, ինչպես նաև էվտանազիան անվանել է ժամանակակից «մեկանգամյա օգտագործման մշակույթի» վկայություն և դրանք համեմատել է «խնդիրը լուծելու համար մարդասպան վարձելու» հետ:
Սեռական բռնությունների վերաբերյալ սկանդալներն ու Պապի արձագանքը
Ֆրանցիսկոսի հետ կապված ամենախնդրահարույց դեպքերից մեկը տեղի է ունեցել Չիլիում, երբ նա սկզբում կասկածի տակ է դրել սեռական բռնության զոհերի վկայությունները՝ պաշտպանելով մի եպիսկոպոսի, որին մեղադրում էին այդ հանցագործությունները թաքցնելու մեջ։ Հասարակական դժգոհության և հետագա քննության արդյունքում Ֆրանցիսկոսը ընդունել է սխալը՝ հրավիրելով բռնության զոհերին Վատիկան և անձամբ ներողություն խնդրելով։ Չիլիի բոլոր եպիսկոպոսներին նա կանչել է Հռոմ՝ հորդորելով հրաժարական տալ։
Ֆրանցիսկոսի ամենանշանակալի քայլը դարձավ ԱՄՆ-ի նախկին կարդինալ Թեոդոր ՄաքՔարիկին կարգալույծ անելը, երբ Վատիկանի հետաքննությունը պարզեց, որ նա դաժան է վարվել ինչպես անչափահասների, այնպես էլ մեծահասակների հետ:
Ֆրանցիսկոսը վերացրեց «պապական գաղտնիության» կարգը
Ֆրանցիսկոսը հետագա բարեփոխումների շրջանակում վերացրել է պապական գաղտնիության կարգը՝ սեռական բռնությունների գործերի հետ կապված տեղեկություններն այլևս փակ չպահելու նպատակով։
Չինաստան
2018-ին Ֆրանցիսկոսը թույլատրեց Չինաստանում եպիսկոպոսների նշանակման գործարքը՝ վերջ տալու բազմամյա վեճին և կարգավորելու չինացի եպիսկոպոսների կարգավիճակը, որոնք ձեռնադրվել էին առանց Պապի համաձայնության:
COVID-19
Ֆրանցիսկոսը ամուր աջակցություն է ցույց տվել պատվաստումների արշավներին և պահանջել, որ առաջնահերթությունը տրվի աղքատներին: Վատիկանի վարդապետական բաժանմունքը հայտարարել է, որ պատվաստումը բարոյապես ընդունելի է, ինչը Ֆրանցիսկոսին հակասության մեջ է դրել պահպանողականների հետ:
Մահապատիժ
Ֆրանցիսկոսը առաջ է անցել իր նախորդներից և փոխել կաթոլիկ վարդապետությունը՝ հայտարարելով, որ մահապատիժն անթույլատրելի է բոլոր դեպքերում՝ անկախ հանցագործության ծանրությունից:
Ֆրանցիսկոսը նաև ցմահ ազատազրկումն՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի, անվանել է «թաքնված մահապատիժ», իսկ մեկուսի բանտարկությունը՝ «խոշտանգման ձև», ասելով, որ երկուսն էլ պետք է վերացվեն:
Շրջակա միջավայր
Ֆրանցիսկոսը դարձել է առաջին Պապը, ով գիտական տվյալներն օգտագործել է կարևոր ուսումնական փաստաթղթում՝ գլոբալ տաքացումը համարելով հիմնականում մարդու գործունեության հետևանքով առաջացած խնդիր:
Իսլամ
Ֆրանցիսկոսը զգալի առաջընթաց է գրանցել իսլամի հետ Վատիկանի բարդ հարաբերություններում՝ կապեր հաստատելով սուննի և շիա կրոնական առաջնորդների հետ և ընդգծելով խաղաղության, համերաշխության և երկխոսության ընդհանուր հանձնառությունը։
Նա պատմական փաստաթուղթ է ստորագրել Կահիրեում սուննի կրթության կենտրոնի՝ Շեյխ Ահմեդ Ալ-Թայեբի, մեծ իմամ Ալ-Ազհարի հետ եղբայրության ամրապնդման անհրաժեշտության մասին:
Նա առաջին Պապն է եղել, ով այցելել է Արաբական թերակղզի և Իրաք՝ Աբրահամի ծննդավայրը, որը կարևոր է քրիստոնյաների, մահմեդականների և հուդայականների համար:
Բարեփոխումներ Վատիկանում
Ֆրանցիսկոսն ընտրվել էր բյուրոկրատական բարեփոխում իրականացնելու մանդատի հիման վրա։ Հարյուրամյակների վատնումները, սխալ կառավարումը և շուկայական ճգնաժամերը վտանգել էին Վատիկանի ֆինանսական բարեկեցությունը:
Նա ներկայացրել է կանոնակարգեր՝ կարգուկանոնը, թափանցիկությունը և ժամանակակից հաշվետվողականությունը պահպանելու համար՝ պահանջելով մրցակցային հայտեր, նվերների սահմանափակումներ, կարդինալների աշխատավարձերի կրճատում և ակտիվների և ներդրումների կենտրոնացում մեկ գրասենյակում՝ միասնական, էթիկական և կանաչ ներդրումային քաղաքականությամբ:
Նա ստեղծել է առանձին էկոնոմիկայի քարտուղարություն՝ վերահսկելու Սուրբ Աթոռի ֆինանսները։ Այն համալրված է հիմնականում աշխարհիկ փորձագետներով։ Նա թույլատրել է քրեական դատավարություն անցկացնել Լոնդոնի անշարժ գույքի գործարքում Վատիկանի անհաջող ներդրման վերաբերյալ, որը հանգեցրել էր տասնյակ միլիոնավոր եվրոների վնասների: