Միջազգային

Վենսը մեկնում է Հնդկաստան

ԱՄՆ փոխնախագահ ՋԴ Վենսը մեկնում է Հնդկաստան՝ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար։

Սպիտակ տունը Վենսի այցը բնութագրել է որպես «տնտեսական և աշխարհաքաղաքական ընդհանուր առաջնահերթությունների» վրա կենտրոնացված, մինչդեռ Հնդկաստանը նշել է, որ Վենսի այցը «հնարավորություն կտա երկու կողմերին վերանայելու երկկողմ հարաբերությունների առաջընթացը»:

Հիշեցնենք, Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ից ուժի մեջ մտած հրամանագրով Հնդկաստանի վրա 26% մաքսատուրք է սահմանել, չնայած նրա լավ հարաբերություններին Մոդիի հետ: 90-օրյա դադարը ժամանակավոր թեթևացում է տվել, սակայն Դելին զգուշավոր է:

Հետագա տնտեսական հետևանքներից խուսափելու համար Հնդկաստանի պաշտոնյաները գերլարված աշխատում են առևտրային համաձայնագրի առաջին փուլը մշակելու համար։ Երկու կողմն էլ հույս ունի համաձայնագրերի մշակումն ավարտել մինչև աշուն: Հնդկաստանն արդեն իջեցրել է որոշ ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը, և ակնկալվում են հետագա լայնածավալ կրճատումներ: