Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Russia Today-ին տված հարցազրույցում խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի և ռուս-իրանական համագործակցության մասին։
«Մեր քաղաքականությունը Կովկասի տարածաշրջանում համակարգված է, մշտապես խորհրդակցում ենք միմյանց հետ։ Վերջերս սկսել ենք նախաձեռնություն, որն իրենից ներկայացնում է երեք երկիր մի կողմից՝ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, և երեք երկիր մյուս կողմից՝ Իրան, Թուրքիա և Ռուսաստան: Այդ մեխանիզմի նիստերն անցկացվել են, բայց, իհարկե, Վրաստանում մեր բարեկամները դեռ որոշ կասկածներ ունեն։ Հուսով եմ, որ այդ կասկածները կլուծվեն հետագա հանդիպումների ժամանակ: Իրանի և Ռուսաստանի ընդհանուր դիրքորոշումն այն է, որ այս տարածաշրջանի խնդիրները կարող են լուծվել միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ»,- ասել է նա։
Ըստ Արաղչիի՝ օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստի այս տարածաշրջանի անվտանգությանը․ «Ավելի շուտ, դա վնասակար կլինի։ Այդ պատճառով մենք կարծում ենք, որ «3+3» ձևաչափի և երկկողմ խորհրդակցությունների շրջանակներում կարող են լուծվել Կովկասի երկրների հարցերը»,- ընդգծել է նա։
Իրանի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրին՝ նշելով, որ իրենք աջակցում ենք պայմանագրին և կարծում, որ դրա ստորագրմամբ տարածաշրջանը նոր փուլ կմտնի․
«Իրանը և Ռուսաստանը ուրախ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնության կապակցությամբ։ Մենք հուսով ենք, որ այն շուտով կստորագրվի։ Մենք հավատում են, որ այս համաձայնությամբ տարածաշրջանում նոր էջ կբացվի, իսկ տնտեսական, քաղաքական և այլն կապերն ավելի հստակ ձև կստանան»,- հավելել է նախարարը։