Ապրիլի 21-ին, 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Նա Կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդն էր։
Ֆրանցիսկոսի աշխարհիկ անունը Խորխե Մարիո Բերգոլիո էր։ Նա Հռոմի պապ էր ընտրվել 2013 թվականի մարտի 13-ին՝ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո գումարված կոնկլավում։ Բերգոլիոն դարձավ առաջին պապը Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հիսուսյան միաբանությունից, ինչպես նաև առաջին ոչ եվրոպացին՝ ավելի քան հազարամյակի ընթացքում։
Ծագումով արգենտինացի Բերգոլիոն ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Բուենոս Այրեսում։

Իր պաշտոնավարման ընթացքում Ֆրանցիսկոսը ձգտում էր պապական դերին հաղորդել պարզություն։ Նա հրաժարվել էր ապրել պապական շքեղ բնակարանում՝ նախընտրելով Վատիկանի Սուրբ Մարթայի տունը, նշելով, որ համայնքային միջավայրում ապրելն անհրաժեշտ է իր «հոգեբանական առողջության» համար։
Ֆրանցիսկոսը ստանձնել էր եկեղեցու ղեկավարությունը բարդ փուլում՝ սեռական բռնությունների սկանդալների, ինչպես նաև Վատիկանի ներսում բյուրոկրատական պայքարի ֆոնին։ Նրա ընտրությունը համարվել էր կարգուկանոն վերականգնելու հստակ մանդատ։

Սակայն նրա գործունեությունը արժանացել է ինչպես պահպանողականների, այնպես էլ առաջադիմականների քննադատությանը։ Առաջինները մեղադրում էին նրան ավանդույթները ոտնահարելու, իսկ երկրորդները՝ Եկեղեցու բավականաչափ չվերափոխելու մեջ։
Ֆրանցիսկոսի պապության մեծ մասը համընկել է մի եզակի իրադրության հետ՝ Վատիկանում միաժամանակ եղել են երկու սպիտակազգեստ պապեր։ Բենեդիկտոս XVI-ը հրաժարականից հետո շարունակել էր ապրել Սուրբ Աթոռում մինչև իր մահը՝ 2022 թվականի դեկտեմբերին։

Վերջին ամիսներին Ֆրանցիսկոսի առողջական վիճակը վատթարացել էր։ 2025 թվականի փետրվարի 14-ին նա հոսպիտալացվել էր Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցում՝ ծանր շնչառական վարակով։ Բուժման ընթացքում նրա մոտ զարգացել էր երկկողմանի թոքաբորբ, ախտորոշվել էին անեմիա, արյան թիթեղիկների քանակի նվազում և երիկամային անբավարարության նշաններ:

38-օրյա բուժումից հետո՝ մարտի 23-ին, նա դուրս էր գրվել հիվանդանոցից և վերադարձել Վատիկան՝ շարունակելու ապաքինումը։
Զատկի տոնին նա հանդիպել էր նաև ԱՄՆ փոխնախագահ ՋԴ Վեյնսին, նրա երեխաներին շոկոլադե ձվեր նվիրել։ Եւ ըստ էության, ԱՄՆ փոխնախագահը վերջին պաշտոնյան էր, ում հետ հանդիպել էր Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Ֆրանցիսկոսը վերջին անգամ հանրությանը ներկայացել էր Սուրբ Զատկի տոնին՝ ապրիլի 20-ին՝ հանդես գալով Սուրբ Պետրոսի հրապարակում և ողջունելով հավատացյալներին։
Հռոմի պապի վերջին ուղերձում անդրադարձ կար նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին. մասնավորապես, նա նշել էր, որ աղոթում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար։
Պատրաստեց՝ Արման Գալոյանը