Եթե Ռուսաստանը պատրաստ է անվերապահ հրադադարի ձևաչափին, Ուկրաինան կգործի հայելային ձևով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած «Զատկի հրադադարի»։
Զելենսկին, միևնույն ժամանակ, հավելել է, որ 30 ժամը բավարար է լավ վերնագրերի, բայց ոչ իրական վստահության համար: 30 օրը կարող է խաղաղության հնարավորություն տալ։
«30 օրով ամբողջական և անվերապահ հրադադարի մասին համապատասխան առաջարկը Ռուսաստանի կողմից անպատասխան է մնում արդեն 39 օր։ ԱՄՆ-ն արեց այս առաջարկը, Ուկրաինան այն դրական ընդունեց, բայց Ռուսաստանը անտեսեց։
Եթե Ռուսաստանը հանկարծ պատրաստ լինի իսկապես միանալ լիակատար և անվերապահ լռության ձևաչափին, Ուկրաինան կգործի հայելային ձևով, ինչպես դա կլինի ռուսական կողմից։ Լռություն՝ ի պատասխան լռության, հարվածներ՝ ի պաշտպանություն հարվածներից։ Եթե իսկապես լիակատար լռություն է տիրում, Ուկրաինան առաջարկում է այն երկարաձգել ապրիլի 20-ի Զատիկի ավարտից հետո: Սա ցույց կտա Ռուսաստանի իրական մտադրությունները, քանի որ 30 ժամը բավական է վերնագրերի համար, բայց ոչ իրական վստահության միջոցների համար: Երեսուն օրը կարող է խաղաղության հնարավորություն տալ»,- ասել է նա:
Զելենսկին նշել է, որ առայժմ, ըստ Գերագույն գլխավոր հրամանատարի հաղորդագրության, ռազմաճակատի որոշ հատվածներում ռուսական հարձակողական գործողությունները շարունակվում են, իսկ ռուսական հրետանին չի թուլանում։
«Այդ իսկ պատճառով Մոսկվայից հնչող խոսքերի նկատմամբ վստահություն չկա։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է մանիպուլյացիա անում Մոսկվան, և մենք միշտ պատրաստ ենք ամեն ինչի։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը կգործեն ռացիոնալ՝ պատասխանելով նույն կերպ. ռուսական յուրաքանչյուր հարվածի համար կլինի բավարար պատասխան։ Ակնկալում եմ մանրամասն հաշվետվություններ Գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուց՝ առաջնագծում գտնվող բրիգադների և այլ ստորաբաժանումների հրամանատարների հետ շփումից հետո՝ կոնկրետ հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը: