Հռոմում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։ Բանակցություններն անցել են կառուցողական և առաջադեմ մթնոլորտում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Չորսժամյա բանակցություններ ենք վարել։ Ինչպես նախկինում, հանդիպումը կառուցողական էր։ Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք սկզբունքների և նպատակների շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները և անցնել հաջորդ փուլ՝ ներառյալ փորձագիտական նիստերի մեկնարկը։ Փորձագիտական մակարդակով տեխնիկական բանակցությունները կսկսվեն Օմանում՝ այս չորեքշաբթի։
Հաջորդ շաբաթ օրը կրկին կհանդիպենք Օմանում՝ վերանայելու փորձագետների աշխատանքի արդյունքները։ Բանակցությունները ԱԳՆ-ի աշխատանքի մի մասն են, և ավելորդ էմոցիոնալության կարիք չկա։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը խնամքով և ճշգրտությամբ։ Չկա ավելորդ լավատեսության կամ հոռետեսության պատճառ։ Հուսանք, որ հաջորդ շաբաթ տեխնիկական հանդիպումներից հետո մենք ավելի լավ վիճակում կլինենք»,- նշել է նա։