Միջազգային

Ռուբինյանն ու Գալուզինը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում և «3+3» տարածաշրջանային հարթակում փոխգործակցությունը: Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

«Քննարկվել են ռուս-հայկական հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում», - ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցել Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման կարևոր գործոն է:

Իր հերթին Ռուբինյանը ռուս գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին:

ՌԴ ԱԳՆ-ից հավելել են, որ կարծիքների փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում։