Միջազգային

ԱՄՆ-ն էականորեն կրճատում է Սիրիայում իր զորակազմը

ԱՄՆ-ն փակում է Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված իր ութ օպերատիվ բազաներից երեքը, ընդ որում՝ երկրում տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը 2000-ից կնվազի մինչև 1400: Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։ 

Պարբերականը հստակեցրել է, որ փակվում են Mission Support Site Green Village, MSS Euphrates բազաները և ևս մեկ, շատ ավելի փոքր օբյեկտ։  NYT-ի տվյալներով՝ 60 օրից ամերիկացի հրամանատարները պետք է որոշեն՝ արժե արդյոք զորակազմն ավելի կրճատել, թե ոչ։ 

Փորձագետները խորհուրդ են տվել Սիրիայում թողնել առնվազն 500 ամերիկացի զինվոր, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խորը թերահավատություն է հայտնել» երկրում ամերիկյան ցանկացած զորք պահելու վերաբերյալ, գրում է թերթը: Նա նշում է, որ Բաշար Ասադի ռեժիմի անկումը նվազեցրել է Սիրիայում սպառնալիքների թիվը «առնվազն այս պահին»: