Բելիզում առևանգել են Tropic Air ավիաընկերության փոքր ինքնաթիռը, որը Կորոզալ քաղաքից ուղևորվում էր Սան Պեդրո։ Միջադեպը հանգեցրել է մեկ մարդու մահվան և երեք վիրավորի:
ԱՄՆ քաղաքացի, 49-ամյա Սավա Թեյլորը դանակով հարձակվել է ինքնաթիռում գտնվող երկու ուղևորի և օդաչուի վրա, պահանջել, որ իրեն տեղափոխեն ԱՄՆ։ Սակայն օդաչու Հաուել Գրեյնջը ինքնաթիռը 1 ժամ 40 րոպե օդում է պահել՝ չնայած առևանգողի սպառնալիքներին։ Այնուհետև վթարային վայրէջք է խնդրել։
Ոստիկանությունից հայտնել են, որ Թեյլորը դանակով վիրավորել է ինքնաթիռում գտնվող երեք մարդու, այդ թվում՝ օդաչուին: Ինքնաթիռի՝ Բելիզ Սիթիի մոտ վայրէջք կատարելիս մի ուղևոր, որն ունեցել է օրինական զենք, կրակել է Թեյլորի վրա: Նա ժամեր անց մահացել հիվանդանոցում:
Բելիզի կառավարությունը և Քաղաքացիական ավիացիայի վարչությունը խոստացել են «համապարփակ հետաքննություն» անցկացնել միջադեպի վերաբերյալ։