Միջազգային

Պուտինն ու Արաղչին քննարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է այցով Մոսկվայում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ իրանական կողմից՝ ՌԴ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։

Արաղչին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները, ինչպես նաև ռուս-ամերիկյան խորհրդակցությունները։

«Ես ՌԴ նախագահին պատմել եմ ընթացիկ իրավիճակի, Իրանի ու ԱՄՆ միջև անուղղակի բանակցությունների մասին, մենք դրա շուրջ խորհրդակցություններ անցկացրինք։ Քննարկվել են նաև Ուկրաինայի և այլ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները։ Մեր ռուս բարեկամները փոխանցեցին անհրաժեշտ տեղեկատվությունը»,- ասել է նա։