Միջազգային

Արաղչին մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահի հետ բանակցություններից

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Վլադիմիր Պուտինին փոխանցել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի ուղերձը։

«Գրավոր ուղերձը ներառում էր մի շարք թեմաներ՝ տարածաշրջանային խնդիրներ, երկկողմ հարցեր և Ռուսաստանի հետ ընթացիկ համագործակցությունը։ Ուղերձում ընդգրկված էին կարևոր կետեր, որոնք Գերագույն առաջնորդը ցանկանում էր քննարկել ՌԴ նախագահի հետ։ Նա ընթերցեց ուղերձը, որից հետո ես ներկայացրի հավելյալ պարզաբանումներ, և մենք մանրամասն քննարկեցինք ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հարցերը»,- նշել է Արաղչին։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ և միջազգային զարգացումներ, մասնավորապես՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունները։

ԱՄՆ-ի հետ բանակցություններին անդրադառնալով՝ Արաղչին նշել է. «ԱՄՆ-ից ստացվող ազդակները հակասական են և համահունչ չեն միմյանց։ Մենք լրջորեն կքննարկենք շաբաթ օրը նախատեսված անուղղակի բանակցությունները և, հաշվի առնելով մյուս կողմի մասնակցությունը, կամփոփենք դրանց արդյունքները՝ որոշելու, թե ինչպես շարունակել այս գործընթացը»,- ասել է նա Հռոմում կայանալիք հանդիպմանը նախորդող հայտարարության մեջ։