Միջազգային

Կրակոցներ Ֆլորիդայի համալսարանում. հարձակվողը շերիֆի տեղակալի որդին է

Առնվազն երկու մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել Ֆլորիդայի Պետական համալսարանի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Հրաձգությունը կազմակերպել է 20-ամյա Ֆինիքս Այքները՝ շերիֆի տեղակալի որդին, ով համալսարանի ուսանող է։

«Ցավոք, նա հասանելիություն է ունեցել մոր զենքին, որը հայտնաբերվել է դեպքի վայրում»,- հայտարարել է շերիֆ ՄակՆիլը։

Նրա խոսքով՝ կասկածյալը երկար ժամանակ անդամակցել է Լիոն շրջանի շերիֆի գրասենյակի երիտասարդական խորհրդատվական խորհրդին։ «Մեզ համար անակնկալ չէր, որ նա զենքի հասանելիություն է ունեցել»,- հավելել է շերիֆը։

Իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերը համալսարանի ուսանողներ չեն եղել։ Նրանց մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հարձակվողը վիրավորվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ և այժմ գտնվում է հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ չկան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ հանդիպման ժամանակ, նշել է, որ տեղյակ է միջադեպի մասին։

Լրագրողների՝ զենքի օրենսդրության փոփոխման վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է. «Ես Երկրորդ փոփոխության մեծ կողմնակից եմ և միշտ էլ եղել եմ։ Զենքը չէ, որ կրակում է, այլ մարդիկ»։ Նա միջադեպը «ամոթալի» է որակել։

CNN-ի հաղորդմամբ՝ ըստ Gun Violence Archive կազմակերպության տվյալների, սա Ֆլորիդայում ընթացիկ տարում զենքի կիրառմամբ արդեն վեցերորդ զանգվածային հարձակումն է։