Միջազգային

Մելոնին ֆանտաստիկ աշխատանք է կատարում. Թրամփ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ընդունել է Հռոմ պաշտոնական այց կատարելու իր հրավերը։

Մելոնին նշել է, որ Թրամփի այցը կարող է կայանալ «մոտ ապագայում» և հնարավորություն կտա նրան հանդիպել եվրոպացի այլ ղեկավարների հետ։ «Իմ նպատակն է նորից մեծ դարձնել Արևմուտքը»,- ասել է նա։

Իտալիայի վարչապետն այցելել է ԱՄՆ, հանդիպել նախագահ Թրամփին։ Օվալաձև աշխատասենյակում Թրամփը գովեստով է խոսել Մելոնիի մասին՝ նշելով, որ նա «ֆանտաստիկ աշխատանք է կատարում» և «գրավել է Եվրոպան»։ Թրամփը նաև ավելացրել է, որ Մելոնին դարձել է իր ընկերը։

Թրամփն ու Մելոնին վստահություն են հայտնել ԵՄ-ԱՄՆ առևտրային հակամարտության կարգավորման վերաբերյալ։

«Համոզված եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ, և ես այստեղ եմ՝ աջակցելու այդ գործընթացին»,- նշել է Մելոնին բանակցություններից առաջ։

Թրամփը հայտնել է, որ առևտրային համաձայնագրերի վերաբերյալ հայտարարություն կարվի, սակայն շտապելու կարիք չի տեսնում։ «Մենք խնդիր չենք ունենա Եվրոպայի կամ որևէ այլ կողմի հետ համաձայնության հասնելու հարցում, քանի որ մենք ունենք այն, ինչ բոլորն ուզում են»,- հավելել է նա։