Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա։
Լրագրողների հետ ճեպազրույցում Արաղչին հայտարարել է. «Այս այցը ծրագրված էր Իրանի գերագույն առաջնորդի գրավոր ուղերձը Ռուսաստանի նախագահին փոխանցելու համար: Միևնույն ժամանակ, այն համընկավ վերջին իրադարձությունների և անուղղակի բանակցությունների հետ:
Մենք միշտ սերտ խորհրդակցություններ ենք անցկացրել մեր ռուսաստանցի գործընկերների հետ միջուկային հարցերի շուրջ, և այժմ լավ հնարավորություն է ընձեռվել նույն հարցերը քննարկելու Ռուսաստանի պաշտոնյաների հետ»:
Նրա խոսքով, քննարկումներ կանցկացվեն տարածաշրջանային խնդիրների շուրջ. «Իսրայելի կողմից շարունակվող հանցագործությունների, ինչպես նաև Ուկրաինայի հարցի և այս այցի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ», - ասել է նա:
Ըստ Արաղչիի՝ «Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը չափազանց կարևոր փաստաթուղթ է երկու երկրների հարաբերություններում.
«Մեր հարաբերությունները եղել են և մնում են ռազմավարական, իսկ այս պայմանագրով դրանք ձեռք են բերում կանոնավոր ձև։ Այս պայմանագիրը ապահովում է մեր հարաբերությունների երկարաժամկետ ռազմավարական հեռանկարը»: