Միջազգային

«Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո տարածաշրջանի ներուժը կարող է բացահայտվել». Կավելաշվիլի

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ 

Այս մասին Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին:

«Մենք հավատում ենք, որ մոտ ժամանակներս կստորագրվի խաղաղության համաձայնագիր։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ Վրաստանի պատրաստակամության մասին՝ նպաստելու խաղաղության գործընթացին։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կստորագրվի պատմական համաձայնագիր, որն էական խթան կհանդիսանա տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման համար: Ցանկանում եմ ընդգծել Վրաստանի կողմից հռչակված խաղաղության քաղաքականությունը և տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում իր ներդրումն ունենալու պատրաստակամությունը: Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ Վրաստանը միշտ կողմնակից է եղել Հարավային Կովկասում երկխոսությանը, դիվանագիտությանը և խաղաղ գոյակցությանը, և այդ կուրսը կպահպանվի նաև այսուհետ», -ընդգծել Է Վրաստանի նախագահը։ 

Նա նշել է, որ Հարավային Կովկասին խաղաղություն է պետք, որպեսզի ուժեղացնի տարածաշրջանի ազդեցությունը միջազգային մասշտաբով:

«Տարածաշրջանի ամբողջական ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Վրաստանը հանդես է գալիս խաղաղության և երկխոսության միջոցով հակամարտությունների լուծման օգտին»,- հավելել է Վրաստանի նախագահը։