Միջազգային

ԱՄՆ-ը հանել է Հունգարիայի վարչապետի մերձավորի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ն հանել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մերձավոր օգնական Անտալ Ռոգանի նկատմամբ պատժամիջոցները ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ նշելով, որ սահմանված պատժամիջոցները «հակասում էին ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերին»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի զրուցել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ նրան տեղեկացնելով այդ որոշման մասին, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թամմի Բրյուսը։

«Պետքարտուղարը տեղեկացրել է արտգործնախարար Սիյարտոյին, որ Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյա Անտալ Ռոգանը հանվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ «Հատուկ նշանակված անձանց և արգելափակված անձանց ցուցակից»՝ ընդգծելով, որ նրա նկատմամբ պատժամիջոցների պահպանումը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին»,– նշել է Բրյուսը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-Հունգարիա հարաբերությունների ամրապնդման հեռանկարները մի շարք կարևոր հարցերում, ինչպես նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները, հավելել է Բրյուսը։