Միջազգային

Հոնկոնգը դադարեցնում է փոստային առաքումները դեպի ԱՄՆ

Հոնկոնգի փոստային ծառայությունը, որն աշխատում է Չինաստանի կիսաինքնավար այս քաղաքում, դադարեցնում է ԱՄՆ-ից և դեպի ԱՄՆ ուղարկվող փաթեթների առաքման ծառայությունները։

Հոնկոնգի կառավարության հայտարարության համաձայն՝ այդ քայլը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անցած շաբաթ կայացրած որոշման հետ, որով վերացվել է Հոնկոնգից ԱՄՆ ուղարկվող փոստային առաքանիների համար սահմանված «de minimis» բացառությունը։

«ԱՄՆ-ի այս գործողությունները անհիմն են, կոպիտ և մաքսատուրքային քաղաքականության ակնհայտ չարաշահում»,– նշված է կառավարության հայտարարության մեջ։ «Հոնկոնգի բնակիչները պետք է պատրաստ լինեն վճարել չափազանց բարձր և չհիմնավորված մաքսավճարներ՝ ԱՄՆ-ի այդ անհամաչափ գործողությունների հետևանքով»։

Հոնկոնգի կառավարության պարզաբանմամբ՝ փոստային ծառայությունն արդեն դադարեցրել է ծովային ճանապարհով առաքվող փաթեթների ընդունումը, իսկ օդային փոխադրումներով ուղարկվող փաթեթների ընդունումը կդադարեցվի ապրիլի 27-ից։

Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին նախագահ Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որի համաձայն եռապատկվել են Չինաստանից, այդ թվում՝ Հոնկոնգից, ԱՄՆ արտահանվող՝ 800 դոլարից ցածր արժեք ունեցող ապրանքների մաքսատուրքերը։ Մինչ այդ այս տեսակի առաքանիները ազատված էին մաքսատուրքերից։

Սկզբում նախատեսվում էր այդ ապրանքների նկատմամբ մայիսի 2-ից սահմանել 30% մաքսատուրք, սակայն Թրամփի վերջին հրամանագրով մաքսատուրքերը բարձրացվել են մինչև 120%։ Այս փոփոխությունը զգալի ազդեցություն կունենա ամերիկացի սպառողների վրա, մասնավորապես նրանց, ովքեր գնումներ են կատարում Shein, Temu և AliExpress հարթակներից, և, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ապրանքների գների բարձրացման։