Իրավապաշտպան խումբը դիմել է ԱՄՆ Միջազգային առևտրի դատարան՝ խնդրելով արգելել օտարերկրյա ապրանքների ներմուծման վրա նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած ընդգրկուն մաքսատուրքերը։ Իրավապաշտապնները պնդում են՝ նախագահը գերազանցել է իր լիազորությունները. գրում է Reuters-ը։
Դիմումը ներկայացրել է անկուսակցական Liberty Justice Center-ը՝ հանդես գալով հինգ փոքր ամերիկյան ընկերությունների անունից, որոնք ապրանքներ են ներմուծում մաքսատուրքերով ազդված երկրներից: Ընկերությունները ներառում են Նյու Յորքի գինիների և ոգելից խմիչքների ներմուծողից մինչև Վիրջինիայի կրթական հավաքածուների և երաժշտական գործիքների արտադրող:
Հայցում վիճարկվում են Թրամփի կողմից ապրիլի 2-ին՝ «Ազատության օրվա» կապակցությամբ սահմանված մաքսատուրքերը, ինչպես նաև Չինաստանի դեմ առանձին սահմանված տուրքերը:
Սպիտակ տան խոսնակ Հարրիսոն Ֆիլդսը պաշտպանել է Թրամփի մաքսատուրքերը:
«Թրամփի կողմնակիցները միշտ չէ, որ համաձայն են նրա հետ, սակայն նախագահ Թրամփը պաշտպանում է ամերիկյան բիզնեսի շահերը՝ վերջ դնելով ԱՄՆ-ի շահագործմանը մեր առևտրային գործընկերների, հատկապես Չինաստանի կողմից: Նրա ծրագիրը հավասար հնարավորություններ է ստեղծում ձեռնարկությունների և աշխատողների համար՝ լուծելով երկրի առջև ծառացած խրոնիկ առևտրային դեֆիցիտի ճգնաժամը»,- ասել է Ֆիլդսը: