Միջազգային

«Պուտինը բաց է մշտական խաղաղության համաձայնագիր կնքելու համար». Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Ուկրաինայի հետ «մշտական խաղաղության համաձայնագիր» կնքելու համար։

Ուիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում ասել է՝ տեսնում է, որ խաղաղության համաձայնագիրը «ուրվագծվում է», և որ Պուտինի երկու հիմնական խորհրդականները՝ Յուրի Ուշակովը և Կիրիլ Դմիտրիևը, մասնակցել են «կարևոր հանդիպմանը»:

«Պուտինի խնդրանքը կայանում է նրանում, որպեսզի այստեղ մշտական խաղաղություն հաստատվի։ Այսպիսով, բացի հրադադարից, մենք ստացանք այս հարցի պատասխանը», - ասել է Ուիթքոֆը՝ խոստովանելով, որ «որոշ ժամանակ պահանջվեց այդ եզրակացության գալու համար»:

«Այս խաղաղության համաձայնագիրը ներառում է հինգ տարածք, բայց այն շատ ավելինի մասին է, քան միայն դրանք:

Խոսքը վերաբերում է անվտանգության արձանագրություններին, ՆԱՏՕ-ին, 5-րդ հոդվածին. կան շատ մանրամասներ»,- ընդգծել է նա։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային գործարքները նույնպես բանակցությունների մաս են կազմել:

«Ես կարծում եմ, որ հնարավորություն կա փոխել ռուս-ամերիկյան հարաբերությունները որոշ շատ գրավիչ առևտրային հնարավորությունների միջոցով, որոնք, կարծում եմ, նաև իրական կայունություն կապահովեն տարածաշրջանում», - ասել է նա: