ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երկրորդ նախագահական պաշտոնավարման սկզբից հետո անցել է առաջին համապարփակ բժշկական զննումը։ Հետազոտությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում գտնվող «Ուոլթեր Ռիդ» ռազմական բժշկական կենտրոնում և տևել է հինգ ժամ։
Զննման ընթացքում Թրամփի աջ ականջի վրա հայտնաբերվել է վնասվածքի հետք, որն առաջացել էր անցյալ տարվա հուլիսին նրա դեմ իրականացված մահափորձի ժամանակ։
«Նախագահ Թրամփը պահպանում է գերազանց առողջություն՝ ցուցաբերելով ամուր սրտային, թոքային, նյարդաբանական և ընդհանուր ֆիզիկական գործառույթներ», - նշված է Սպիտակ տան կողմից կիրակի օրը հրապարակված բժշկական եզրակացության մեջ։
78 տարեկան հասակում Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ պաշտոնը ստանձնելու պահին ամենատարեց նախագահը։
Բժշկի հաղորդմամբ՝ Թրամփը հանձնել է արյան մի շարք անալիզներ, անցել սրտի հետազոտություն և ենթարկվել ուլտրաձայնային հետազոտության։
«Նրա ակտիվ կենսակերպը շարունակում է էական դրական ազդեցություն ունենալ նրա առողջական վիճակի վրա: Նա լիովին պատրաստ է կատարելու գերագույն հրամանատարի և պետության ղեկավարի պարտականությունները», - նշել է բժիշկ Բարբաբելլան։
Որպես Թրամփի առողջության գրավական՝ բժիշկը նշել է նաև գոլֆում հաճախակի հաղթանակներ տանելը։