Կիրակի օրը Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սումի քաղաքի կենտրոնում ռուսական բալիստիկ հրթիռների հարվածի հետևանքով զոհվել է 34 մարդ, վիրավորվել՝ 117-ը. հայտնում է Reuters-ը։ Ուկրաինայի իշխանությունների հաղորդմամբ՝ սա այս տարվա ամենամահաբեր հարվածն էր։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պահանջել է կոշտ միջազգային արձագանք, նշելով, որ սա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմն արագ ավարտելու մղումների ֆոնին։
Միացյալ Թագավորության, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները դատապարտել են հարձակումը։ Թրամփը, խոսելով ռուսական հարվածի մասին, այն անվանել է «սարսափելի»։
Զելենսկին սոցիալական մեդիայում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են զոհվածների մարմիններ՝ քաղաքի փողոցում, ավերված ավտոբուսի և այրված մեքենաների մոտ։