ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թբիլիսիի հետ:
«Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են ոչ թե մեր, այլ Սահակաշվիլու ռեժիմի կողմից, այն բանից հետո, երբ այդ ռեժիմը փորձել է ագրեսիա իրականացնել Հարավային Օսեթիայի բնակչության, ռուս խաղաղապահների, հետևաբար՝ Ռուսաստանի դեմ։ Այժմ Վրաստանում Սահակաշվիլիի վարչակարգը խիստ քննադատության է ենթարկվում դրա համար»,- ասել է նա։
Գալուզինի խոսքով՝ անցյալ տարվա աշնանը, նախընտրական արշավի շրջանակներում, վրացական ղեկավարության կողմից հնչել են «շատ ողջամիտ հայտարարություններ» Հարավային Օսեթիայի ժողովրդից ներողություն խնդրելու անհրաժեշտության, հաշտեցման հասնելու մտադրության մասին:
Ընդ որում, ՌԴ ԱԳ փոխնախարարը ափսոսանք է հայտնել, որ վրացական ղեկավարությունը նախկինի պես դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վերաբերյալ իրենց դիրքորոշման հետ: Նրա խոսքով՝ Սուխումի և Ցխինվալիի անկախությունը ճանաչելու մասին Մոսկվայի որոշումը վերանայման ենթակա չէ:
«Բայց մենք պատրաստ ենք հետագայում ևս համակողմանի զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Վրաստանի հետ։ Եվ դրա համար շատ հնարավորություններ կան»,- նշել է Գալուզինը։
«Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերություններին, մենք պատրաստ ենք դրանց վերականգնմանը։ Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան պատրաստ է գնալ վրացական կողմը։ Այստեղ մեզ համար սահմանափակումներ չկան»,- հավելել է նա։