Շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, Հռոմում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնում է ամերիկայն Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ պարբերականի՝ Թրամփի վարչակազմը գոհ է եղել Օմանի բանակցությունների առաջին փուլից, որոնք տեղի են ունեցել ըստ պլանավորվածի և հասել են իրենց նպատակին։
ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շաբաթ օրը խոսել են մոտ 45 րոպե՝ ավելի երկար, քան հայտարարվել էր:
Աղբյուրները հայտնել են, որ բանակցություններն սկսվել են անվստահության մթնոլորտում. իրանական կողմը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նախագահ Թրամփը հրաժարվել Է Իրանի հետ նախորդ գործարքից և մտահոգություն հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է կրկին դուրս գալ դրանից։
Ամերիկյան կողմն իր կասկածներն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի մտադրությունների վերաբերյալ:
Սակայն երկու կողմերի պաշտոնյաները հայտարարել են, որ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո տեսնում են առաջընթացի ուղի:
Ամերիկյան կողմը պնդել է, որ վստահության քայլերից մեկը կարող է դառնալ իրանական ուրանի պաշարների կրճատումը, որը հարստացված է գրեթե մինչև զենքի մակարդակը՝ 60%, որը կարող է բավարար լինել վեց միջուկային ռումբ ստեղծելու համար:
Չնայած բանակցությունների երկրորդ փուլը տեղի չի ունենա Օմանում, Օմանի միջնորդները ներկա կլինեն Հռոմի բանակցություններին:
Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփի հետ հանդիպումից բացի, Ուիթքոֆը բանակցությունների արդյունքների մասին տեղեկացրել է Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերին: Իսրայելը խիստ թերահավատորեն է վերաբերվում, որ բանակցությունները կհանգեցնեն համաձայնության, և պնդում է, որ բանակցությունների ձախողման դեպքում Սպիտակ տունն ընտրի ռազմական տարբերակը։