Միջազգային

Հաշտվե՞լ ռուսական գազի հետ. ԵՄ-ն՝ էներգետիկ անվտանգության երկընտրանքի առաջ. Reuters

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ավելի քան երեք տարի անց Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը շարունակում է մնալ խոցելի։ 2022-2023 թվականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի (LNG) ներկրումը մասնակի լրացրեց Ռուսաստանի մատակարարումների դադարեցումը․ գրում է Reuters-ը։

«Սակայն այժմ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաթարել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի հետ ձևավորված հարաբերությունները և էներգետիկ ռեսուրսները օգտագործում է որպես առևտրային բանակցությունների գործիք, եվրոպական ընկերությունները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ից կախվածությունը կարող է վերածվել նոր խոցելիության։

Այս իրավիճակում ԵՄ խոշոր ընկերությունների ղեկավարները սկսել են քննարկել մի տարբերակ, որը մեկ տարի առաջ անհավանական կհնչեր՝ ռուսական գազի, այդ թվում՝ պետական «Գազպրոմ»-ից մատակարարումների վերականգնումը կարող է դիտվել որպես գործնական քայլ։

Սա պահանջում է քաղաքականության էական փոփոխություն, քանի որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո Եվրամիությունը պարտավորվել էր մինչև 2027 թվականը դադարեցնել ռուսական էներգակիրների ներմուծումը։

Եվրոպան այսօր սահմանափակ ընտրության առաջ է կանգնած։ Կատարի հետ գազի մատակարարման շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել։ Չնայած վերականգնվող էներգիայի օգտագործումը աճել է, դրա տեմպը դեռ բավարար չէ ԵՄ էներգետիկ ինքնաբավության ապահովման համար։

«Եթե Ուկրաինայում հաստատվի խելամիտ խաղաղություն, կարող ենք վերադառնալ տարեկան 60 միլիարդ, գուցե 70 միլիարդ խորանարդ մետր գազի հոսքերին, ներառյալ՝ հեղուկացված բնական գազը», - ասել է ֆրանսիական Engie ընկերության գործադիր փոխնախագահ Դիդյե Օլոքսը Reuters-ին։

Engie-ն, որի բաժնետոմսերի մի մասը պատկանում է պետությանը, նախկինում եղել է «Գազպրոմ»-ի խոշոր գնորդներից։ Օլոքսի խոսքով՝ ներկայում Ռուսաստանը կարող է ապահովել ԵՄ գազի պահանջարկի մոտ 20-25%-ը, մինչդեռ պատերազմից առաջ այդ ցուցանիշը 40% էր։

Ֆրանսիական նավթագազային հսկա TotalEnergies-ի ղեկավար Պատրիկ Պույանեն զգուշացրել է չափազանց մեծ կախվածության վտանգի մասին ԱՄՆ գազի մատակարարումներից։

«Պետք է դիվերսիֆիկացնենք մատակարարումները, ունենանք տարբեր ուղիներ և չհենվենք միայն մեկ կամ երկու աղբյուրի վրա», - ասել է Պույանեն՝ Reuters-ին։ TotalEnergies-ը ոչ միայն խոշոր LNG արտահանող է ԱՄՆ-ից, այլ նաև համագործակցում է ռուսական մասնավոր Novatek ընկերության հետ։

«Եվրոպան երբեք չի վերադառնա Ռուսաստանից պատերազմից առաջ ներկրվող 150 միլիարդ խորանարդ մետր գազի ծավալին, սակայն ես կասկածում եմ, որ մոտ 70 միլիարդ խորանարդ մետրի ներմուծումը հնարավոր է», - հավելել է Պույանեն։

Ֆրանսիան, որի էներգամատակարարման զգալի մասը հիմնված է միջուկային էներգիայի վրա, արդեն այսօր ունի Եվրոպայի ամենաբազմազան մատակարարման համակարգերից մեկը։ Ի հակադրություն, Գերմանիան մինչև Ուկրաինայի պատերազմը մեծապես կախված էր ռուսական էժան գազից, որը խթանում էր նրա արդյունաբերական ոլորտը, իսկ այժմ բախվում է ավելի սահմանափակ ընտրության։

Գերմանիայի խոշորագույն քիմիական կենտրոններից մեկում՝ Լոյնա քիմիական պարկում, որտեղ տեղակայված են Dow Chemical, Shell և այլ ընկերությունների արտադրական հարթակներ, որոշ գործարարներ պնդում են, որ ռուսական գազը պետք է շուտափույթ վերադարձվի։

Նախկինում Ռուսաստանը Գերմանիայի ներքին պահանջարկի շուրջ 60%-ը ծածկում էր հիմնականում «Հյուսիսային հոսք» խողովակաշարի միջոցով, որը պայթեցվել էր 2022 թվականին։

«Մենք գտնվում ենք խոր ճգնաժամի մեջ և չենք կարող սպասել», - ասել է InfraLeuna ընկերության գործադիր տնօրեն Քրիստոֆ Գյունթերը։ Նրա խոսքով՝ Գերմանիայի քիմիական արդյունաբերությունը արդեն հինգ եռամսյակ անընդմեջ կրճատում է աշխատատեղերը՝ մի երևույթ, որն առնվազն վերջին տասնամյակներում չի արձանագրվել։

«Խողովակաշարերի վերաբացումը կնվազեցնի գները ավելի արդյունավետ, քան ցանկացած գործող սուբսիդավորման ծրագիր», - հավելել է Գյունթերը։

«Սա տաբու թեմա է», - ընդգծել է նա՝ հավելելով, որ իր գործընկերների մեծ մասը համակարծիք է՝ ռուսական գազի վերադարձը անհրաժեշտություն է։

Նշենք, որ փետրվարին կայացած դաշնային ընտրություններում գերմանացիների գրեթե մեկ երրորդը քվեարկել է Ռուսաստանի հետ բարեկամական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերի օգտին»,- հոդվածն ամփոփում է Reuters-ը։