Միջազգային

ԱՄՆ-ն էլեկտրոնիկան բացառել է «հայելային» մաքսատուրքերի ցանկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մի շարք էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ սմարթֆոններ և համակարգիչներ, ներմուծման «հայելային» մաքսատուրքերից ազատելու մասին որոշում է կայացրել, ապրիլի 11-ին հայտնել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը պարունակում է ապրանքների դասակարգման 20 ծածկագրեր, որոնք բոլորը վերաբերում են էլեկտրոնիկայի տարբեր տեսակներին: Ցուցակի համաձայն՝ հայելային ներմուծման մաքսատուրքերից հանվել են նոութբուքերը, պլանշետները, սմարթֆոնները, մոդեմները, արտաքին կոշտ սկավառակները, ֆլեշ քարտերը, մոնիտորները, տրանզիստորները, փոխարկիչները և կիսահաղորդչային այլ սարքեր։

«Բոլոր ապրանքները, որոնք պատշաճ կերպով դասակարգված են վերը նշված դրույթներում, կբացառվեն փոխադարձ տուրքերից։ Վերոնշյալ ապրանքների և ենթակետերում դասակարգված ապրանքների համար ներկրողները պետք է ներկայացնեն երկրորդական դասակարգում՝ փոխադարձ տուրքից ազատվելու համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Նշվում է, որ այս բացառությունները գործում են հետադարձ ուժով՝ ապրիլի 5-ից։ Ծառայողական փաստաթուղթը թվագրված է ապրիլի 11-ով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին գործադիր հրաման էր ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նրանց բազային դրույքաչափը 10% էր: 57 երկրների համար ապրիլի 9-ից մտցվել էին բարձրացված դրույքաչափեր, որոնք հաշվարկվել էին կոնկրետ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի հիման վրա։ Այնուամենայնիվ, ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ ավելի քան 75 երկրներ պատասխան միջոցներ չեն ձեռնարկել և բանակցություններ են խնդրել, ուստի ներմուծման հիմնական մաքսատուրքերը 10%-ով կգործեն 90 օր բոլորի համար, բացի Չինաստանից: