Միջազգային

«Թուրքիան Կովկասում կարևոր դերակատար է». Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվում է բարդ և դինամիկ ժամանակաշրջանում։ Նրա խոսքով՝ ֆորումը համախմբում է աշխարհի տարբեր բևեռները՝ ծառայելով որպես համաշխարհային երկխոսության հարթակ։

Ֆիդանն ընդգծել է, որ ժամանակակից դիվանագիտությունը սխալ է ընկալել որպես միայն բանակցությունների սեղանների և միջանցքների հետ կապված երևույթ․ 

«Այսօր տեղեկատվությունն աշխարհի մի ծայրից մյուսն է հասնում վայրկյանների ընթացքում։ Պետք է հաշվի առնել գլոբալ մարտահրավերները՝ էներգետիկ ճգնաժամը, կիբերհարձակումները, առևտրային պատերազմները։ Մենք ապրում ենք համաշխարհային վերափոխումների դարաշրջանում։ Գործող միջազգային համակարգը չի կարողանում լուծել առկա խնդիրները։ Երկրների միջև վստահությունը թուլանում է, սպառազինությունների մրցավազքը վերսկսվել է։ Միջազգային կառույցների թուլացումը մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից է։ Եթե չենք ցանկանում ապագա, որտեղ կտիրեն անօրինականությունն ու կամայականությունը, անհրաժեշտ է արդյունավետ դիվանագիտություն։ Հուսով ենք՝ այս ճանապարհով կկերտվի ավելի արդար աշխարհ»։

Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ն այսօր չի կարողանում բավարարել համաշխարհային պահանջները և վերածվել է հզոր պետությունների ձեռքի գործիքի․ «Դա ակնհայտ դարձավ Գազայի ճգնաժամի ընթացքում։ Ճշմարտությունն այլևս անհնար է թաքցնել։ Ցանկացած համակարգ, որը հիմնված չէ արդարության վրա, դատապարտված է փլուզման։ Թուրքիան գտնվում է ճգնաժամերի էպիկենտրոնում, սակայն միաժամանակ հանդիսանում լուծումների կենտրոն։ Այսօր Թուրքիան ջանքեր է գործադրում խաղաղություն հաստատելու Ուկրաինայում, Սիրիայում և Գազայում»։

Հաքան Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան ներկայում Հարավային Կովկասում համագործակցություն ձևավորող կարևոր դերակատար է։