Միջազգային

Պուտինին Հաագայում չեն կարող հեռակա դատել. Euronews

Հաագայում նախատեսվում է ստեղծել հատուկ միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համար Վլադիմիր Պուտինին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Սակայն տրիբունալը չի կարողանա սկսել դատավարությունը, քանի դեռ Պուտինը պաշտոնավարում է որպես ՌԴ նախագահ. այս մասին հայտնել է Euronews-ը՝ հղում անելով երկու եվրոպացի պաշտոնյաների։

Նրանց խոսքով՝ Պուտինը, որպես պետության գործող ղեկավար, օգտվում է միջազգային իրավունքի կողմից սահմանված անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ առանց նրա ներկայության հնարավոր չէ սկսել դատավարությունը։ Անձեռնմխելիություն ունեն նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Տրիբունալը նախատեսվում է ստեղծել Հաագայում՝ Եվրոպայի խորհրդի ներքո։ Այն, որ Ռուսաստանը չի ճանաչում Ուկրաինա ներխուժումը որպես հանցագործություն, հրաժարվում է համագործակցել միջազգային կառույցների հետ և դեմ է արտահանձնման ցանկացած գործընթացի, գրեթե անհնար է դարձնում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների՝ որևէ ձևով դատապարտումը։

Տրիբունալի ստեղծման իրավական հիմքերը ամրագրված են միջազգային համաձայնագրի նախագծում, որի մշակումը վերջնականապես ավարտվել է մարտի վերջին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած «Հիմնական խմբի» հանդիպման ժամանակ։ Մշակվել են երեք առանցքային փաստաթուղթ՝ Ուկրաինայի և Եվրոպայի խորհրդի միջև երկկողմ համաձայնագիրը, տրիբունալի կանոնադրությունը և կառավարման կարգի մասին համաձայնագիրը։

Ստորագրման արարողությունը նախատեսված է մայիսի 9-ին՝ Կիևում։