Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Պեկին այցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը ԵՄ համար կարևոր գործընկեր է, և Իսպանիան մշտապես աջակցել է ԵՄ-Չինաստան հարաբերությունների կայուն զարգացմանը․ «ԵՄ-ը հավատարիմ է բաց և ազատ առևտրի սկզբունքներին, բազմակողմանիությանը և դեմ է միակողմանի մաքսատուրքերի սահմանմանը»։
Նա ընդգծել է, որ մաքսատուրքերի պատերազմում հաղթողներ չեն լինի․ «Բարդ և լուրջ միջազգային իրավիճակում Իսպանիան և ԵՄ-ը պատրաստ են ամրապնդել կապերն ու համագործակցությունը Չինաստանի հետ, պահպանել միջազգային առևտրի կարգը, համատեղ աշխատել կլիմայի փոփոխության և աղքատության դեմ պայքարի ուղղությամբ՝ պաշտպանելու միջազգային հանրության ընդհանուր շահերը»։
Սանչեսը նաև ընդգծել է Ուկրաինայի հարցում Իսպանիայի դիրքորոշումը՝ Սի Ծինպինին կոչ անելով խաղաղության հասնելու նպատակով երկխոսություն սկսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա նշել է, որ խաղաղությունը պետք է ապահովի «գրավված երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։