Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի ղեկավարությամբ ձևավորված «Ցանկացող երկրների կոալիցիայի» կազմում ընդգրկված՝ Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի և այլ դաշնակից երկրների պաշտպանության նախարարները հավաքվել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Կոալիցիան ընդգրկում է մի քանի տասնյակ երկիր, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցելու Ուկրաինայի անվտանգությանը՝ հնարավոր հրադադարի պայմաններում։
Մասնակիցներին ողջունելով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն ընդգծել է խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրմանը նախապատրաստվելու անհրաժեշտությունը՝ կարևորելով հետագա փուլում Ուկրաինայի անվտանգության ապահովումն ու Ռուսաստանի նոր ռազմական ագրեսիայի կանխումը։
Հանդիպմանը մասնակցող նախարարները նշել են, որ մինչև զինուժ ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնելը հարկավոր է հստակեցնել մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ հնարավոր առաքելության բնույթը և համագործակցության կանոնակարգերը, հատկապես եթե ԱՄՆ–ը որևէ աջակցություն չցուցաբերի։
Հանդիպումից մեկ օր անց՝ ուրբաթ օրը, ՄԹ պաշտպանության նախարար Ջոն Հիլին և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն անցկացնելու են Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի նիստը։
Նախարարները քննարկելու են, թե կոալիցիայի անդամ երկրներից յուրաքանչյուրն ինչ կարող է տրամադրել ընդհանուր զինուժին՝ ներառյալ լոգիստիկ և հետախուզական կարողությունները, ինչպես նաև օդային, ցամաքային և ծովային ուժերը։ Նպատակն է մինչև ապրիլի վերջ կազմել նախնական պլան։
Այնուամենայնիվ, Bloomberg գործակալությանը փոխանցված աղբյուրների համաձայն՝ Լոնդոնի և Փարիզի միջև դեռևս շարունակվում են քննարկումները այն հարցի շուրջ, թե արդյոք կոալիցիայի ուժերին անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը առայժմ որևէ աջակցություն չի խոստացել։ ՄԹ–ն և Ֆրանսիան՝ կոալիցիայի ձևավորման պահից ի վեր, փորձում են համոզել Թրամփին տրամադրել առնվազն լոգիստիկ, հակաօդային պաշտպանության և հետախուզական աջակցություն՝ եթե ոչ ուղիղ զորքերով, ապա գոնե այդ ուղղություններով։ Այդ ջանքերը դեռևս արդյունք չեն տվել։